Wednesday, August 22, 2012

Ալեքսանդր Գրիգորյան. Արզումանյանը առաջին հայ ֆուտբոլիստն է, որ կխաղա իմ թիմում

Այսօր Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի հերթական տուրում Խաբարովսկի «Սկա-Էներգիան» 1-0 հաշվով հաղթեց Նալչիկի «Սպարտակին» եւ այս պահի դրությամբ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Խաղից հետո  «Սկա-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը իր մեկնաբանությունները տվեց  «Սպորտ-2» հեռուստաընկերությանը:

«Շատ անմիջական խաղ ստացվեց եւ մենք հաղթեցինք բավականին ուժեղ մրցակցի: Մեր թիմում նոր համալրում կա, ի դեմս Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանի: Ի դեպ, սա առաջին անգամ է, որ իմ թիմում կխաղա հայ ֆուտբոլիստ», – նշեց Գրիգորյանը:

Posted by anico in 16:58:19 | Permalink | Comments Off

Friday, April 4, 2008

Սեւ, սպիտակ, մոխրագույն

Յուրաքանչյուր ոք համակարգիչը Ինտերնետ համացանցին միացնելիս պետք է գիտակցի, որ այն բացվում է «ողջ աշխարհի» առաջ, ինչը նշանակում է, որ հակերները կարող են ազատ ելումուտ ունենալ այնտեղ:

Հակեր այսօր ընդունված է անվանել այն անձանց, ովքեր անօրինական ձեւով մուտք են գործում ուրիշի համակարգիչ՝ ինֆորմացիա կորզելու, այն փոփոխելու, վիրուսներ տարածելու նպատակով: Մինչդեռ իրականում հաքեր անվանում են համակարգչին հրաշալիորեն տիրապետող անձանց, ովքեր ապահովում են համակարգիչների եւ Ինտերնետ ցանցի անխափան աշխատանքը:
Ժամանակի ընթացքում այդ մասնագետների (հաքերների) մի մասն օգտագործեց իր գիտելիքները այլ անձանց կողմից ստեղծված ծրագրերի պաշտպանիչ ծածկագրերը կոտրելու համար: Կատարելագործելով իրենց գիտելիքները՝ նրանք սկսեցին վնասել ցանցում գտնվող համակարգիչները՝ մուտք գործելով` կարեւոր տեղեկատվություն կորզելու համար կամ պարզապես վիրուսներ ուղարկելով:
Առաջացան «script kiddie» եւ  «cracker» տերմինները: Առաջինը վերաբերում է հակերների այն խմբին, որոնք չունեն համապատասխան գիտելիքներ այս բնագավառում եւ օգտագործում են իրական հակերների կողմից ստեղծված մեթոդները:
Երկրորդը միջին կարգի «մասնագետ» է, որը կարող է ծրագրերի անվտանգությունը կոտրել, սակայն չի կարող ինքնուրույն հակերական ծրագրեր մշակել:
Այս ամենը հիմք հանդիսացավ, որպեսզի հաքերներին բաժանեին երեք խմբի՝
·      Հաքերներ, որոնք կոտրում են տարբեր ծրագրեր ու այլ համակարգեր՝ տեղեկատվություն կորզելու, բանկային քարտերի ծածկագրեր «կոտրելու» նպատակով: Սրանք կոչվեցին սեւ հակերներ կամ քրեքերներ:
·        Մյուս՝ սպիտակ հակերների խումբը, օգտագործելով իր համակարգչային գիտելիքները, զբաղվում է համակարգիչների եւ տարբեր համակարգչային ծրագրերի պաշտպանվածությունը բարձրացնելով:
·      Ամեն ինչից մի քիչ- մի քիչ: Հենց սա էլ երրորդ խոմբի՝ մոխրագույն հակերների զբաղմունքն է:
Մեր հերոսին՝ Հայկին, (հերոսի անունը նրա ցանկությամբ փոխված է) երեւի թե կարելի է տեղավորել երրորդ խմբում: Նրա խոսքերով՝ նա հիմնականում նման ձեւով փորձում է «վնասել» այն մարդկանց, ովքեր իրեն «վատություն են արել»:
-Ամենահեշտ միջոցն այն է, որ «ադմինիստրատոր» անունով մի հատ էլ-փոստի հասցե եմ բացում ու նամակ ուղարկում: Գրում եմ, որ կայքի վերականգնողական աշխատանքներ են կատարվելու եւ որպեսզի փոստարկղը չվնասվի, պիտի ուղարկեն իրենց նշանաբառը: Պատկերացնո՞մ եք, շատ մարդիկ հավատում են եւ ուղարկում:
Ի դեպ՝ երեւի թե շատերն են տիրապետում այս «հեշտ» միջոցին, քանի որ վերջերս www.mail.ru կայքի բաժանորդների էլ-փոստերում ծանուցում է տեղադրված, որտեղ ասվում է, որ «mail.ru-ի ադմինիստրացիան երբեք իր բաժանորդներից չի պահանջում ուղարկել իրենց ծածկագրերը»:
2003 թվականին ՀՀ օրենսդիրը պատիժ սահմանեց համակարգչային հանցագործությունների համար, որն ամփոփվեց ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ գլխի 251-257-րդ հոդվածներում՝ որպես «համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն»:
ՀՀ ոստիկանության կայքի «Վիճակագրություն» բաժնում չգտանք տեղեկություններ «համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների» համար, ինչը նշանակում է, որ նման դեպքեր չեն արձանագրվել, թեպետ հակերության դեպքերը մեզ մոտ հաճախակի են պատահում:

Posted by anico in 20:45:15 | Permalink | Comments (2)